Սփյուռքահայ ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ ապրիլի 11-ին, ընդունել է սփյուռքահայ ճարտարապետ, բարերար Հովսեփ Սարաֆյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Սարաֆյանի օժանդակությունն՝ ուղղված Հայաստանի համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար: Վարչապետը հույս է հայտնել, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Սփյուռքահայ բարերարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին բարձր գնահատանքի համար եւ ընդգծել, որ այսուհետ եւս կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենիքին՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանին Հովիկ Աբրահամյանը պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: