Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի գործով կդիմեն Մարդու իրավունքներիի եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, թե երբ դիմումը կներկայացնեն, առայժմ հայտնի չէ: Երեմ Սարգսյանն ասաց, որ խախտվել է Դավիթ Խաչատարյանի արդար դատաքննության իրավունքը՝ իր հիմնական բաղադրատարրերով:
Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման:Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը: Նրանք Վճռաբեկ դատարան բողոք էին ներկայացրել՝ պահանջելով վերաորակել արարքը, գործը ուղարկել նոր քննության, սակայն այն մերժվել էր: http://news.am/arm/news/240579.html





























