Սիրիայի Հալեպ քաղաքի Սուլեյմանիա թաղամասի  հրթիռակոծումից վիրավորվել է մի քանի հայ։ Այս մասին NEWS.am –ին տեղեկացրին Հալեպի  հայկական համայնքից՝ նշելով, որ վիրավորների վիճակը կայուն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռակոծումը զգալի նյութական վնաս է հասցրել։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժել է Հայ կաթողիկե եկեղեցու շենքը։

Ինչպես փոխանցում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը, Հալեպում Սուլեյմանիա եւ Սեյիդ Ալի թաղամասերում հրթիռակոծումից զոհվել է 8 մարդ։

Թուրքիայի իշխանությունների հետ կապ ունեցող ահաբեկիչները Հալեպի հին քաղաքից հրթիռային արկեր են արձակել այդ թաղամասերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել 47-ը։ Փլատակների տակ մնացած տուժածների փրկարարական աշխատանքները շարունակվում են։