Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդերը 20-րդ դարի աառաջին Ցեղասպանություն որակելով Հռոմի Պապը քաղաքական պայթյունավտանգ հարցի շուրջ իր հստակ դիրքորոշումն արտահայտեց: Այս մասին գրում է Tagesschau գերմանական պարբերականը:

Ֆրանցիկոս Առաջինը Պետրոս առաքյալի տաճարում մատուցած պատարագի ժամանակ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանությունը որակեց Ցեղասպանություն:  Դա քաղաքական հայտարարություն էր: Նա իր պարտքը համարեց հարգել անմեղ  մարդկանց, կանանց, երեխաների, հոգեւորականների եւ եպիսկոպոսների հիշատակը, որոնք, Ֆրանցիսկոս 1-ի բառերով ասած, «անիմաստ ջարդերի զոհ էին դարձել»: Պատրիարքը դատապարտեց Օսմանյան Թուրքիայում կատարվածը. «Չարիքը թաքցնելը կամ վիճարկելը նույնն է, թե բաց վերքը թողնես առանց վիրակապի արնահոսի»,- մեջբերում է թերթը Պապի խոսքը:

Ֆրանցիսկոս Առաջինը հիշել է այլ ցեղասպանությունների մասին: «Վերջին ժամանակներս շարունակում են տեղի ունենենալ այլ զանգվածային սպանություններ, օրինակ, Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում եւ Բոսնիայում: Մարդկությունը, հավանաբար, ի վիճակի չէ վերջ դնել անմեղ արյուն հեղելուն»,- ասել է պապը պատարագի ժամանակ, շարունակում է պարբերականը:

Պապի մատուցած պատարագին մեծ անհամբերության էին սպասում: Բոլորը սպասում էին, թե կարտասանի՞ նա արդյոք «Ցեղասպանություն» բառը: Թուրքիան փորձում էր Պապի վրա ճնշում գործադրել ցեղասպանություն եզրն օգտագործելուց խուսափելու համար: Վատիկանում Թուրքիայի դեսպանատունը չեղյալ էր հայտարարել կիրակի ծրագրված մամուլի ասուլիսը, հավանաբար լսելով, որ Պապը արտասանել է այդ բառը: