«Հիմնադիր խորհրդարանի»  անդամների կալանավորման վերաբերյալ այս շաբաթ Վերաքննիչ դատարան դիմում կներկայացվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  փաստաբաններից Լուսինե Հակոբյանը:

Նա նշեց, որ որեւէ նոր գործողություն իրենց պաշտպանյալների հետ չեն կատարել, գոնե իրենց նման բան հայտնի չէ: Կալանավորվածներից Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը: ՀԽ համակարգող Արամ Հակոբյանի տան տանիքում հայտնաբերված նռնակի կապակցությամբ նշանակվել էր փորձաքննություն, սակայն որեւէ մատնահետք չեն հայտնաբերել, այժմ նշանակել են գենետիկական փորձաքննություն՝ այլ մասնիկների առկայությունը ստուգելու համար: Փաստաբանը հայտնեց, որ գրավի դիմաց ազատ արձակված Արամ Հակոբյանի անձնական իրերը միայն այսօր առավոտյան են տվել:

Իսկ թե ինչ ակնակլիքներ կան Վերաքննիչ դատարանից, փաստաբանը հայտնեց, որ 100 տոկոսանոց կանխատեսում անել հնարավոր չէ, Արամի դեպքում եւս դժվար էր ակնկալել, որ բան կփոխվի, բայց փաստորեն դատարանը ընդունեց գրավի միջնորդությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուքասզյանը: Ապրիլի 9-ին նրանցից 5-ին կալանավորվել են: Իսկ Արամ Հակոբյանի դեպքում կալանքի փոխարեն ընտրվել է խափանման միջոց գրավը:

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: