Ադրբեջանում ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հանդեպ «դատական գործընթացը» դեռ չսկսված՝ ադրբեջանական լրատվամիջոցներն  արդեն բարձրաձայնում են Բաղդասարյանի կողմից մեղքն ընդունելու մասին, ինչը առնվազն տարօրինակ է, քանի որ դատական գործընթացը փակ դռների հետեւում է ընթանում։

Ինչպես գրում է ԱՊԱ-ն, մեղադրող կողմը կարդացել է մեղադրական ակտը։ Ըստ առկա տեղեկությունների՝ մեղադրյալը բողոք չի հայտնել մեղադրական ակտի վերաբերյալ։ «Բաղդասարյանը հայտարարել է, որ համաձայն է մեղադրական ակտի հետ եւ իրեն մեղավոր է ճանաչում»,- փոխանցում են լրատվամիջոցները։

Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրում են դիվերսիոն գործողությունների մեջ։ «Բաղդասարյանին մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու) հոդվածներով։ Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը  որպես խափանման միջոց է ընդունել կալանքը»,- մեջբերում է գործակալությունը իր աղբյուրները։

Արսեն Բաղդասարյանի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ադրբեջանցի Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ձերբակալությանն ուղղված յուօրինակ պատասխան էին։ Նշենք, որ Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքների  ոտնահարման վառ օրինակ էր. գերեվարումից հետո 1.5 ամիս շարունակ ԿՄՄԿ ներկայացուցիչներին թույլ չեն տվել տեսակցել նրան։ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։