Մի խումբ իրավապաշտպաններ եւ քաղաքացիներ բաց նամակ են հղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարին` կապված 11-րդ հատուկ դպրոցում ստեղծված վիճակի հետ: Նամակում մասնավորապես ասվում է.
«11-րդ հատուկ դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է տարակուսանք առաջացնել: Հուլիսի սկզբին նախկին տնօրեն Մ. Ենգիբարյանը դիմել է վարչական դատարան՝ պաշտոնում վերականգնվելու հայցով: Դպրոցում շարունակում են աշխատել մարդիկ, որոնք ըստ աշակերտների ցուցմունքների՝ մասնակից են եղել աշակերտների նկատմամբ տարաբնույթ բռնություններին կամ տեղեկացված են եղել դրանց մասին, սակայն հանցավոր անտարբերություն են ցուցաբերել: Լեւոն Ավագյանի գործը վարող Երեւան քաղաքի դատախազության քննիչ Կարեն Բատիկյանի խոսքերից բխում է, որ դպրոցի տնօրենի այժմյան պաշտոնակատար Լիլիթ Բերբերյանը նույնպես մասնակցել է փաստերի կոծկման գործին:
Աշխատանքային անձնակազմի որոշ անդամներ հանդես են եկել հրապարակային հայտարարություններով, որոնք տարօրինակ են հնչում կատարված ծանր հանցագործությունների ֆոնի վրա: Դրանից ելնելով՝ խիստ մտահոգություն է առաջացնում դպրոցում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը: Իրավիճակը շտկելու համար, մեր համոզմամբ, անհրաժեշտ են հետեւյալ քայլերը՝
- Ծառայողական քննություն անցկացնել դպրոցում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ։
- Ուսումնասիրություն կատարել անձնակազմի մասնագիտական կարողությունների եւ ունակությունների վերաբերյալ։
- Կատարել քննություն դպրոցում ընտանեկան եւ բարեկամական կապերի արդյունքում շահերի բախման խնդիրների շուրջ եւ կատարել համապատասխան կադրային փոփոխություններ»:
Նամակը ստորագրել են Արտակ Կիրակոսյանը (Քաղաքացիական հասարակության ինստիտուտ), Ավետիք Իշխանյանը (Հայաստանի Հելսինկյան կոմիտե), Վերոնիկա Մելիքյանը («Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամ), քաղաքացիներ Մարիամ Սուխուդյանը, Սոֆիկ Մինասյանը, Աիդա Գեւորգյանը, Գուրամ Մաթիաշվիլին:




























