Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը երախտագիտություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Nouvelles d'Arménie»-ի փոխանցմամբ՝ ֆրանս-հայկական կազմակերպությունն իր հայտարարությունում ողջունում է այն, որ Հռոմի Պապը ոչ միայն դիմակայեց Թուրքիայի պետության ճնշմանը, այլեւ դատապարտեց ժխտումը:

«Հռոմի Պապը եւս մեկ անգամ արիության դաս տվեց՝ բարոյականությունը վեր դասելով քաղաքականությունից: Թող նրա օրինակին հետեւեն համաշխարհային առաջնորդները, որպեսզի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը դուրս գա անվերջանալի խավարից, որտեղ իրենց բոլոր ուժերով փորձում են մտցնել իրար փոխարինող թուրքական կառավարությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է, որ հայերը ենթարկվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ իրենց ազգային պատկանելության համար: