Բագրատաշեն - Սադախլո մաքսային կետում հայկական «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ավտոբուսի վարորդի եւ Վրաստանի սահմանային կետի աշխատակիցների միջեւ ապրիլի 12-ին ծագած վիճաբանության մեղավորը վրացիներն են եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց «Ֆորասաժ-տուր»-ի տնօրեն Կարեն Թադեւոսյանը:

Նա պատմեց, որ երեկ վրացիների մոտ տոն է եղել եւ սահմանային կետի աշխատակիցներն առանց պատճառաբանության հայկական ավտոբուսի ուղեւորներին մի քանի ժամ պահել են մաքսային կետում:

«Վարորդն էլ մոտեցել է եւ խնդրել, որ թույլ տան առաջ գնալ, ուղեւորներին անիմաստ չուշացնեն: Վրացիներն էլ պատասխանել են, թե պետք լինի՝ 10 ժամ էլ կկանգնեք, որից հետո մեր վարորդն արձագանքել է, թե ձեր դիմաց մարդ է կանգնած, ոչ թե եսիմինչ: Դրանից հետո վրացիները մեր վարորդին տարել են սենյակ եւ վեց հոգով ծեծի ենթարկել»,- ասաց Կարեն Թադեւոսյանը:

Ավտոբուսի վարորդը՝ Կարեն Աբրահամյանը, այժմ գտնվում է Մարնեուլիի ոստիկանության բաժանմունքում: Տուրիստական ընկերության տնօրենի խոսքով՝ վարորդին վարչական տույժի են ենթարկելու, որից հետո ազատ արձակեն:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 12-ին ժամը 20.51-ին Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն - Սադախլո մաքսային կետում, Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացի Կ.Ա.-ի եւ Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում Կ.Ա.-ը ձերբակալվել է եւ տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք: «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ն հավաստիացրել է, որ 2 ժամվա ընթացքում ընկերության մեկ այլ վարորդ ուղեւորներին կտեղափոխի Ռուսաստան: Ժամը 00.20-ին ավտոբուսը շարունակել է իր ընթացքը: