Լեռնային Ղարաբաղի հարցն իսկապես հուզում է Եվրոպային: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
«Ղարաբաղն ինսչապես պետք է հուզի մեզ բոլորիս, քանի որ վերաբերում է քաղաքացիների, որոնք ԵՄ անդամ եվրոպական 47 երկրների ընտանիքի անդամ են: Երկխոսությունը միակ ելքն է, որի օգնությամբ պետք է լուծում գտնվի: Բռնությունը երբեք պատասխան չպետք է լինի»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահը:
ԼՂ հակամարտության կարգավորման գործում իր համեստ ներդրումն ունենալու համար ԵԽԽՎ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը միջամտություն չի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, եւ իրենից ավելի շատ առաջարկ կլինի, քան ցուցում:
Անն Բրասերն ընդգծել է, որ զեկույցը հավասարակշռված լինելու համար ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը խորհուրդ են տալիս մասնակցել այդ գործընթացին:
Նշենք, որ Հայաստան այցի ընթացքում Անն Բրասերը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Անն Բրասերը հանդիպումներ կունենա ԱԺ խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նախատեսված է նաեւ ԵԽԽՎ նախագահի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ:





























