«Բանդայի գործով» ամբաստանյալ, արդեն 3.5 տարի ազատազրկման մեջ գտնվող Քյարամ Ամոյանին գործով նշանակված դատահոգեբուժական փորձաքննության պատասխանն արդեն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենք դեռ չեն ծանոթացել արդյունքներին:
Նա հայտնեց, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն առաջիկա օրերին արդեն կնշանակի դատական նիստի օրը:
«Փորձաքննության ավարտից հետո Քյարամին «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», քանի որ վիճակը լավ չէ, նա ի վիճակի չէ կալանավայրում մնալու»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ 2014թ.-ի մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը: Նոյեմբերի 10-ին քննությունը վերսկսվել էր: 2015թ. փետրվարին կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել, որից հետո դատավարությունը նորից հետաձգվել էր:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:





























