Թուրքիան բարձրացնում է ձայնը Հռոմի Պապի հայտարարությունից հետո, որը հրապարակայնորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այսպիսի դիտարկում է արել «France 24» հեռուստաալիքը՝ մեկնաբանելով ապրիլի 12-ին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս Պապի խոսքերը: «Պապի հայտարարությունը մեծացնում է Անկարայի կողմից ճնշումը, բայց այն կարող է առավել բարդացնել Թուրքիայի հետ նրա հարաբերությունները»,- նշել է հեռուստաալիքը:

Ստամբուլում «France 24»-ի թղթակից Ֆաթմա Կիզիլբոգան, վկայակոչելով թուրքական իշխանությունների փաստարկները, նշել է, որ Թուրքիայի կառավարությունն «անակնկալի է եկել, որ Պապը միայն հայերի օգտին դիրքորոշում է ներկայացրել՝ ոչ մի խոսք չասելով մահմեդականների եւ կրոնական այլ փոքրամասնությունների մասին, որոնք նույնպես այդ ժամանակաշրջանում զոհվել են»:

«Թուրքերը, կարծես, դեռեւս պատրաստ չեն ընդունել իրենց անցյալի այդ մութ էջերը»,- նշել է Ֆաթմա Կիզիլբոգան: Սակայն վերաբերմունքը սկսում է փոխվել:

«France 24»-ի թղթակիցը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման, որն անցկացնում են «այդ ցեղասպանության ճանաչման օգտին հանդես եկող թուրքերը»: Հետեւաբար, նրա կարծիքով, Անկարայի կողմից հետագայում ցեղասպանության ճանաչումը հնարավոր է, եթե անգամ դրա համար եւս մի քանի տարի պահանջվի: