Երկօրյա պաշտոնական այցով Ղազախստանի հանրապետություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու Աստանայում տեղի ունեցող ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարվա առաջին եռամսյակի գործունեության արդյունքները, ինտեգրացիոն գործընթացների ընթացքը, ինչպես նաեւ մրցակցային օրենսդրության խախտման ուղղությամբ կատարվելիք առաջնահերթությունները:
Մի շարք տնտեսվարողներ բողոք են ներկայացրել ՏՄՊՊՀ-ին ՝ ԵՏՄ տարածքում պետգնումների ընթացակարգերի վերաբերյալ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը գործընկերներին է ներկայացրել, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հանձնաժողովին են դիմել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողներ՝ տեղեկացնելով, որ ԵՏՄ անդամ երկրների տարածքում պետական գնումների մասնակցելիս՝ բախվել են մի շարք խնդիրների:
Խոսքը վերաբերում է մասնավորապես տպագրական, կոշիկի արտադրության, շինարարական աշխատանքների կազմակերպման եւ շինանյութերի իրացման ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին: Վերջինները Հանձնաժողովին տեղեկացրել են, որ պետական գնումների մրցույթների անցկացման վերաբերյալ բազաները հասանելի չեն եւ ՀՀ տնտեսվարողները որեւէ կերպ չեն կարողանում տեղեկանալ, թե երբ եւ ինչ պայմաններով է մրցույթ հայտարարվում: Բացի այդ, նրանց տեղեկացրել են նաեւ, որ ՌԴ-ում պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար պետք է այդ երկրում ունենան իրենց ներկայացուցչությունը, մինչդեռ նման բան ԵՏՄ համապատասխան կանոնակարգերով նախատեսված չէ:
Խնդրահարույց է նաեւ էլեկտրոնային ստորագրության խնդիրը, ինչի հետ կապված ԵՏՄ մրցակցության կարգավորման հարցերով նախարար Նուրլան Ալդաբերգենովը պարզաբանում է ներկայացրել:
ՏՄՊՊՀ նախագահը առաջարկել է համատեղ աշխատանքներ իրականացնել այս խնդիրների լուծման ուղղությամբ՝ կարեւորելով միասնական տեղեկատվական բազաների ստեղծումը, որպեսզի ՀՀ տնտեսվարողները կարողանան անարգել տեղեկանալ ԵՏՄ անդամ երկրներում պետգնումների շրջանակում անցկացվող մրցույթներին:



























