Նորվեգական «Dagen» պարբերականում հրապարակվել է «Հայոց ցեղասպանություն» վերնագրով հոդված` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ստորեւ ներկայացվում է հոդվածի թարգմանությունը:

«Այս տարվա ապրիլի 24-ին Հայաստանը եւ հայկական սփյուռքը նշում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն, ինչ կոչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, խլեց 1.5 միլիոն հայերի կյանք:

Հայոց պատմության այս կարեւոր դրվագի հետ սերտ կապվում է քահանա, երաժիշտ, կոմպոզիտոր եւ երաժշտագետ Կոմիտասի անունը եւ նրա տխուր ճակատագիրը: Նա հայերի մոտ համարվում է պատմական կարեւորագույն մի դեմք: Կոմիտասի իրական անունն է Սողոմոն Սողոմոնյան: Նա ծնվել է 1869թ. Արեւմտյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) Քյութահիա քաղաքում: Կոմիտասի մայրը՝ Թագուհին, մահացել է, երբ տղան 17 տարեկան էր, իսկ հայրը՝ կոշկակար Գեւորգը, մահացել է մինչեւ տղայի 10 տարին բոլորելը:

Ինչեւէ, Սողոմոնը հաճելի երաժշտական ձայն ուներ, որը նրան օգնեց դուրս գալ աղքատ եւ անտուն իրավիճակից: Նրան հայոց հոգեւոր կենտրոնում՝ Էջմիածնում, ներկայացրին Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին, ում աչքերից արցունքներ հոսեցին, երբ նա լսեց Սողոմոնի երաժշտական ձայնը, եւ նրան եկեղեցու ճեմարանում տեղ հատկացրին: 1894թ. Սողոմոնը վերցրեց «Կոմիտաս» անունը: Հաջորդ տարի նա ավարտեց ճեմարանը եւ ստացավ վարդապետի կոչում:

Հայ Առաքելական եկեղեցին հիմնադրվել է Քրիստոսի երկու առաքյալների՝ Բարդուղիմեոսի եւ Թադեւոսի կողմից: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որ ընդունել է քրիստոնեությունը (301թ.):

Կոմիտասի ամենամեծ հետաքրքրությունը երաժշտությունն էր: 1895-1899թթ. նա երաժշտական կրթություն է ստացել Թբիլիսիում եւ Բեռլինում: Կոմիտասը համարվում է հայկական երաժշտագիտության հիմնադիրը: Նա հետազոտել է, հավաքել եւ տպագրել հայկական միջնադարյան եւ ժողովրդական երգերը: Էջմիածնի ճեմարանում նա աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ եւ երգչախմբի ղեկավար: Ավելին, նա ինքն էլ ստեղծագործում էր՝ եւ՛ աշխարհիկ, եւ՛ եկեղեցական երաժշտություն:

1910թ. Կոմիտասը հաստատվեց Կոնստանդնուպոլսում: Նա հայտնի անուն էր Արեւմտյան Եվրոպայի երաժշտական շրջանակներում եւ առանձին կամ հայկական երգչախմբի հետ համերգներ էր ունենում այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Փարիզը, Ժնեւը եւ Լոզանը:

Հայաստանը կազմված է երկու մասից՝ Արեւելյան Հայաստանը, որը ներկայիս հայկական պետությունն է, եւ Արեւմտյան Հայաստանը` Արեւելյան Անատոլիայում, որն այսօր Թուրքիայում է: 1915թ. թուրքերը սկսեցին իրականացնել հայերին Արեւմտյան Հայաստանից տեղահանելու ծրագիր, որը Օսմանյան կայսրության մաս էր կազմում (այդ ժամանակ Արեւելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում էր): Հայերն արդեն իսկ չափազանց հալածված փոքրամասնություն էին: 1894-1896թթ. 200-300 հազար հայեր էին սպանվել համիդյան ջարդերում: Այդ ժամանակ կայսրությունը գլխավորում էր սուլթանը, 1915թ.՝ ազգայնական երիտթուրքերը: Հայերը ոչնչացվում էին անհապաղ եւ երկարատեւ մահվան երթերում: Արեւմտյան Հայաստանի ընդհանուր շուրջ 2,5 միլիոն բնակչությունից 1,5 միլիոնը սպանվեց այս ցեղասպանության արդյունքում:

Երիտթուրքերի ծրագրի առաջին կետերից մեկը հայ մտավորականներին սպանելն էր: 1915թ. ապրիլի 24-ին Կոմիտասը, այլ մտավորականների հետ մեկտեղ, ձերբակալվեց եւ տեղահանվեց Չանքիրի ավան: Ազդեցիկ ընկերների օգնությամբ նա, այնուամենայնիվ, այն փոքրաթիվ բախտավորներից էր, ով կարողացավ վերադառնալ Կոնստանդնուպոլիս:

Կոմիտասի հոգեկան վիճակը լրջորեն տուժել էր զարհուրելի տեսարաններից եւ տպավորություններից, եւ նա ստիպված էր կյանքի վերջին տարիներն անցկացնել Կոնստանդնուպոլսի եւ Փարիզի հոգեբուժական հաստատություններում: Նրա վերջին երաժշտական ստեղծագործությունն ավարտվում է «Իմ սիրտը փլված է» խոսքերով: Նա մահացել է 1935թ. Փարիզում 66 տարեկան հասակում:

Մոտենում է ապրիլի 24-ը: Հայերը երգելու են «Դլե յաման» երգը, որը ժամանակին ժողովրդական երգ էր սիրային թեմաներով եւ խմբագրվել էր Կոմիտասի կողմից, սակայն 1915 թվականից հետո այն դարձել է սգո երաժշտություն՝ Ցեղասպանության հետեւանքով:

Կոմիտասի միտքը ոչնչացվել է մի ցեղասպանությամբ, որը Նորվեգիան դեռեւս չի ճանաչել: Ժամանակն է, որ մեր երկիրը ճանաչի այն: Ի վերջո, արդեն 100 տարի է անցել: