Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին՝ «իրերն իրենց անուններով կոչելու համար»:
«Միլիարդավոր հետեւորդներ ունեցող եկեղեցու առաջնորդի խոսքերը չեն կարող ուժեղ ազդեցություն չունենալ»,- Associated Press գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Իսկ Պատարագից անմիջապես հետո իտալական հանրային RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ չճանաչված ցեղասպանությունը վտանգավոր է մարդկության ապագայի համար: «Այնպիսի առաջնորդները, ինչպիսին է Ֆրանցիսկոս Պապը, որոնք ճանաչում են արժեքներն ու բարոյականությունն աշխարհաքաղաքական շահերից վեր են դասում, կարող են առանց ցեղասպանությունների աշխարհ ստեղծել»,- հավելել է Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել էր, որ XX դարի առաջին Ցեղասպանությանը ենթարկվել են հայերը՝ իրենց ազգային պատկանելության համար:
Պատարագին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ:



























