Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը ձեռնպահ կմնա Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի հանդեպ իրականացված հալածանքները ցեղասպանություն եզրով որակելուց եւ քայլեր կձեռնարկի կողմերին հաշտեցնելու ուղղությամբ։ Այս մասին ապրիլի 13-ին հայտարարել է կառավարության պաշտոնական  ներկայացուցիչ  Քրիստիանե Վիրթցը, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ նրա՝ հնարավոր չէ որեւէ կողմին ստիպել վերաիմաստավորել պատմությունը։ «Այդ հարցով պետք է զբաղվեն մասնագետները, պատմաբանները եւ շահագրգիռ  երկրները», նշել է Վիրթցը՝ պարզաբանելով, որ դա Գերմանիայի խնդիրը չէ։

Վիրթցը նշել է, որ Բեռլինում իշխանությունները չեն մեկնաբանում հայերի զանգվածային ջարդերի մասին Ֆրանցիսկոս Առաջինի հայտարարությունը։

Նշենք, որ ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ քննարկում է ընթանալու։ Քրիստոնյա դեմոկրատների, Քրիստոնյա սոցիալիստների եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական  կուսակցություններից կազմված իշխող կոալիցիան, ինչպես նաեւ Ձախերն եւ Կանաչները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ կներկայացնեն։ Ընդ որում, իշխող կոալիցիայի բանաձեւում ասվում է «հայերի հալածանքների եւ ջարդերի հիշատակի» մասին, իսկ մյուս խմբակցությունները բացահայտ խոսում են դրանք Ցեղասպանություն որակելու մասին։