2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, Սեւան-Երեւան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում հայտնաբերվել է Սեւան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վ.Հայրոյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհին հայտնաբերվել է դիակը։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի գլխավորությամբ։
Սեւան-Երեւան ավտոճանապարհին 59-րդ կմ հատվածին զուգահեռ նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում հայտնաբերվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Սեւանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի, 315 LV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի մոտ հայտնաբերվել է Սեւան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի եւ կրծաքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է մակարով տեսակի ատրճանակ:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։





























