Թեեւ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, սակայն դրանք չեն անդրադառնում առեւտրի եւ ներդրումների վրա: Նման տեսակետ է հայտնել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրային, այսօր` հուլիսի 27-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, ըստ դեսպանի, Հնդկաստանը Հայաստանում որեւէ ներդրումային ծրագրի իրականացման չի մասնակցում: Նրա խնդրանքով նախարար Մ.Վարդանյանը ներկայացրել է գերատեսչության ենթակայության տակ գտնվող այն ոլորտները, մասնավորապես` հեռահաղորդակցության, կապի եւ փոստի, որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել:
Նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է նաեւ «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրի ընթացքը: Դեսպան Ա.Կ.Մալհոթրան ընդգծել է, որ իրենց հիմնական նպատակն է ընդլայնել երկուստեք տնտեսական կապերը եւ խթանել ներդրումային ծրագրերը: Դեսպանը տեղեկացրել է նաեւ, որ հոկտեմբերին նախատեսվում է Հնդկաստանի արդյունաբերողների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ կփորձեն համագործակցության եզրեր գտնել:
Նախարար Մ.Վարդանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին`Հնդկաստանի տեխնիկական եւ տնտեսական համագործակցության շրջանակներում կազմակերպվող դասընթացներին տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցներին ընդգրկելու համար:




























