Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կտեղադրվի «Ցանկությունների ծառ»։ Այս մասին հայտնում է «Ասբարեզ»-ը։
«Ցանկությունների ծառ»-ին կապված ամեն մի ժապավեն կխորհրդանշի Հայոց ցեղասպանության մեկ զոհ կամ ականատես։ «Թաքսիմ հրապարակում միջոցառումներից հետո մենք ցանկանում ենք, որ այդ ծառը շարունակի ապրել իր կյանքով եւ տարածվի բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել են հայերը՝ որպես հիշատակի եւ վերամիավորման նշան»,- ասել է «Անադոլու Քուլթուր» համալսարանի ներկայացուցիչ Օսման Քավալան։ «Ցանկությունների ծառ»-ի հեղինակը Թուրքիայում հայտնի Հալե Թենգերն է։





























