Ռուսական կողմի հետ ջերմոցների ոլորտում համագործակցության շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
«Ջերմոցների շինարարության աջակցությունը միշտ էլ մեր առաջնայնություններից մեկն է եղել, եւ մենք ողջունում ենք այդ ոլորտում ցանկացած նախաձեռնություն, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելը։ Ինչ վերաբերում է այս դեպքին, ապա բանակցությունները դեռ տարվում են»,- պարզաբանել է փոխնախարարը։
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ մի շարք ռուսական ընկերություններ հետաքրքրված են Հայաստանից ջերմոցային բանջարեղեն ներկրելու հարցում եւ պատրաստ են հայ գործընկերներին շահավետ պայմաններով շինանյութեր տրամադրել հետագայում բերք գնելու պայմանով։





























