Այս տարի ոստիկանությունն իր մասնագիտական օրը դիմավորում է մեր երկրի եւ աշխարհասփյուռ հայության համար առանձնահատուկ պայմաններում. նշվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ծավալուն ու կարեւոր են նաեւ այս շրջանում ոստիկանությանն առաջադրված խնդիրները՝ հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքից մինչեւ հասարակական կարգի ապահովումը բազմաբնույթ զանգվածային միջոցառումների ընթացքում:

Պայմանավորված մեր օրերի բացառիկ խորհրդով, նաեւ ծառայության առաջնահերթություններով ու լարված ռեժիմով՝ ոստիկանությունը որոշել է ձեռնպահ մնալ ապրիլի 16-ին նվիրված հանդիսություններից ու միջոցառումներից:

Համոզված ենք, որ լավագույն խոնարհումը մեր նահատակների հիշատակին, ինչպես եւ ամենապատշաճ նշանավորումը մեր մասնագիտական օրվա կլինի ոստիկանության արդյունավետ ու պրոֆեսիոնալ աշխատանքը՝ ուղղված հասարակական կարգի պահպանմանը եւ մեր քաղաքացիների ու հյուրերի անվտանգության ապահովմանը հայ ժողովրդի համար խիստ նշանակալից ու պատասխանատու այս ժամանակահատվածում, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: