Թուրքիան մտադիր է վերաբացել ուղղափառ հոգեւոր ճեմարանը, որը փակվել էր 38 տարի առաջ։ Թուրքիան ցանկանում է Եվրախորհուրդ մտնել, իսկ ԱՄՆ-ը վաղուց արդեն ճնշումներ է գործադրում թուրքական իշխանությունների վրա, որ Անկարան վերաբացի Հալքի կղզում գտնվող աստվածաբանական դպրոցը, որպեսզի ցույց տա աշխարհին, թե հարգալից է վերաբերվում երկրի քրիստոնյա փոքրամասնությանը, հաղորդում է «Hurriyet» թերթը։

Թուրքիայի կրթության նախագահ Էրթուղրուլ Գյունայը ասել է, որ չնայած նրան, որ դպրոցը դեռ չի բացվել, թուրքական իշխանությունները այն բացելու պատրաստակամություն են հայտնում։ «Դպրոցը չի համապատասխանում մեր կրթական համակարգին, սակայն կարելի է այլ չափորոշիչներ սահմանել։ Այս առնչությամբ քաղաքական ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ կարող են ծագել միայն տեխնիկական բնույթի խնդիրներ։

Հարյուրամյա այս դպրոցը փակվեց 1971թ-ին եւ Բյուզանդիա ժամանակներից ի վեր առաջին անգամ զրկեց Արեւելյան ուղղափառ եկեղեցուն՝ հոգեւորականներ պատրաստելու միակ հնարավորությունից։

Գյունայը խոստովանել է, որ հոգեւոր ճեմարանի փակման պատճառը ոչ միայն բուհական համակարգի հետ անհամապատասխանությունն էր, այլեւ Կիպրոսի հետ լարված փոխհարաբերությունները։ Այնուամենայնիվ նա ասել է.-"Անցյալն արդեն անցյալ է։ Հիմա, պետք է նորովի խոսել"։