Վերջին 2 շաբաթվա ընթացքում միայն Դավթաշեն վարչական շրջանում երկու ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնց պատճառները սոցիալական են: Մեզ հայտնի դարձավ, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի 9-րդ հարկից ցած նետված 64-ամյա քաղաքացին 1-2 տարի է՝ տնից դուրս չէր գալիս, մեկուսացված, սթրեսային վիճակում էր գտնվում, սոցիալական պայմանները՝ վատ, կենսաթոշակ, նպաստ չէր ստանում: Ասում են, թե նրա կինը ԱՄՆ-ում է, տղամարդն էլ ապրում է որդու հետ: Եւ հենց սոցիալական վատ պայմանները, լքվածության զգացումը, դեպրեսիան էլ նրան դրդել է ինքնասպանության: 

Շրջանառվող խոսակցություններ համաձայն՝ մարտի 31-ին Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Կ. Ք-ի բնակելի շենքի 8-րդ հարկից նետվելու պատճառը եւս սոցիալական պայմաններն են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 13-ին՝ ժամը 07.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի 9-րդ հարկից քաղաքացի է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Թիվ 18 շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Խ.-ի (ծնվ. 1951թ.) դին:

Դրանից առաջ էլ՝ մարտի 31-ի վաղ առավոտյան Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել 40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։ Պարզվել է, որ մարտի 31-ին Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 1975 թվականի ծնված Կ. Քոսակյանը բնակելի շենքի 8-րդ հարկից ինքնանետման եղանակով ինքնասպան է եղել: