Բուլղարիայից Եվրախորհրդարանի պատվիրակ Իլհան Քյուչուքը՝ ազգությամբ թուրք, ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության հարցով քննարկումների ժամանակ խորհրդարանականներին կոչ է արել չդիմել անցյալին, այլ քննարկել ապագան:

«Մենք չպետք է սխալ օգտագործենք պատմական փաստերը: Թուրքիան եւ Հայաստանը բավական հասուն են այդ հարցերն ինքնուրույն լուծելու համար»,- հայտարարել է նա:

Քյուչուքի խոսքով, նման քննարկումները դժվար թե նպաստեն խնդրի լուծմանը, այլ ավելի շուտ կխորացնեն իրավիճակը:

Նրա ելույթից հետո խոսք է խնդրել Բուլղարիայից մեկ այլ պատվիրակ՝ Անգել Ջամբազկին: Նա ընդգծել է, որ մարդկության դեմ իրականացված ցանկացած հանցագործություն պետք է դատապարտվի եւ հստակ հարց է ուղղել Իլհան Քյուչուքին. արդյո՞ք որեւէ մեկը պետք է պատասխանատվություն կրի այդ հանցագործության համար: Վերջինը հրաժարվել է պատասխանել հարցին: