Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում Հռոմի պապի կողմից ապրիլի 12-ին տրված պատարագն աննախադեպ պատմական իրադարձություն էր։ Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց կուսակցության փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Սա մի իրադարձություն էր, որ Սուրբ Աթոռի հետեւողական քաղաքականության շարունակությունն էր։ Այս պատարագով մեկ անգամ եւս ապացուցվեց, որ եթե հայ ժողովուրդը միասնական է, ապա նվաճումները շրջադարձային եւ պատմական են լինում»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ համակարգված աշխատել են բոլոր կառույցները։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմի Պապը Վատիկանում ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ են դարձել իրենց ազգային պատկանելիության համար:



























