Էջմիածնում սպանված 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ ապրիլի 16-ին, իսկ վաղը կլինի հուղարկավորությունը: Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքից անմիջապես հետո սպանվածի եղբայրը՝ գործարար Հայկազ Գրիգորյանը եկել է Հայաստան: Թե որոնք են սպանության պատճառները, առայժմ հայտնի չէ: Գյուղապետը նշեց, որ որեւէ մեկը որեւէ բանից տեղյակ չէ, նրա մահն անակնկալի է բերել բոլորին:

Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե սպանվածը վեճեր է ունեցել Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի շրջապատի մարդկանց հետ, Գառնիկ Ծատուրյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, նման բաներից տեղյակ չէ, գիտի միայն, որ Հայկարամ Գրիգորյանը նորմալ, հարգանք վայելող տղա է:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ սպանված Հայկարամ Գրիգորյանն Արմավիրում հայտնի է որպես «փող ստացող» եւ «փող ստանալու» ճանապարհներին հասցրել է մի շարք կոնֆլիկտներ ունենալ:

Նա պարբերաբար վեճեր է ունեցել նաեւ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի շրջապատի մարդկանց հետ: Վերջիններս նրան անընդհատ ասել են, որ ոչ թե «փող է ստանում», այլ «քցում» ու «քցածն» էլ կազինոներում ծախսում, եւ խորհուրդ են տվել, որպեսզի Էջմիածնում, Հայաստանում իր տեղն իմանա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15-ին` ժամը 01:30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի  բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է նախկինում դատված 51-ամյա Հայկարամ  Գրիգորյանի  դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4»  մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած: Նրա մարմինն ամբողջությամբ արյունոտ է եղել:

Փաստի առթիվ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Առայժմ ձերբակալվածներ չկան:

Տարիներ առաջ Հայկարամ Գրիգորյանը դատապարտվել է, ինչ-որ փողերի հետ կապված խնդիր է եղել՝ վիճաբանություն, նրա հայրը եղել է Էջմիածնի «ԳԱԻ» պետ, այժմ մահացած է, հորեղբայրը Արմավիրում դատավոր էր աշխատում: Այժմ առավել հայտնի է Հայկարամ Գրիգորյանի եղբայրը՝ Հայկազ Գրիգորյանը, ով Գառնիկ Ծատուրյանի փոխանցմամբ, մեծ բիզնեսներ ունի արտերկրում, օգնում էր բոլորին: Իսկ սպանվածը զբաղվում էր տարբեր գործերով, օգնում էր եղբորը բիզնեսների հարցում, գյուղատնտեսությամբ էր զբաղվում: