2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի հոր համար կասկածելի են գործով վկաների ցուցմունքները. ապրիլի 13-ին կայացած դատական նիստի ժամանակ Դավիթի հայրը՝ տուժողի իրավահաջորդը, նշել է, որ չի հավատում վկաներից շատերի խոսքերին: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Մահացած երեխայի հայրը չէր հավատում, որովհետեւ իր խոսքով՝ վկաները ճշմարտացի ցուցմունքներ չէին տալիս, հատկապես դատարանում: Նրա համար կասկածելի էր նաեւ այն, որ վկաները նախաքննության ժամանակ այլ բան էին ասել, իսկ դատարանում՝ լրիվ ուրիշ, հատկապես որ բոլոր վկաները հայտարարեցին դատարանում, թե ոչինչ չեն տեսել, չեն լսել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Նա նշեց, որ ապրիլի 30-ին նշանակված դատական նիստին ցուցմունք է տալու իր պաշտպանյալը, որից հետո դատարանը կանցնի ապացույցների ուսումնասիրությանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում`վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:




























