ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Միրզոյանը շուրջ երկու տարի անհիմն պատճառաբանություններով դատական նիստեր չի նշանակել Էդիսոն Ադյանի հայրությունն անվավեր ճանաչելու գործով։ Այս հիմնավորմամբ այսօր՝ ապրիլի 16-ին, դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երեւանի բնակչուհի, 35-ամյա Նարինե Նիկողոսյանը, որն Արցախի բնակիչ, 60-ամյա Էդիսոն Ադյանին մեղադրում է իր նորածնին առեւանգելու մեջ։
«Այս գործով դատարան դիմելը երեխայի շահերից է բխում, քանի որ Նարինեն այսօր հանդես է գալիս որպես երեխայի օրինական շահերի ներկայացուցիչ, եւ երեխան իրավունք ունի ճանաչելու իր ծնողներին, դրա համար այդ կեղծ գրանցումը պետք է անվավեր ճանաչվի եւ հաստատվի օրինականությունը։ Ինքնաբացարկի միջնորդությունը կապված է այս գործի քննության ողջամիտ ժամկետների հետ։ Հայցը ներկայացնելուց 1 տարի 4 ամիս հետո նոր այսօր առաջին դատական նիստն էր։ Ես գտնում եմ, որ նման գործերը պետք է ըստ օրենսդրությամբ արագացված դատաքննության կարգով հետաքննվեն, տեղում ստուգվեն փաստերը, եւ համապատասխան որոշում կայացվի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նարինե Նիկողոսյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը։
NEWS.am-ի հետ զրույցում Նարինե Նիկողոսյանը պնդեց, որ այս գործով եւս Էդիսոն Ադյանը օգտագործել է իր կապերը:
«Եթե նման բան չլիներ, ինչ-որ անհիմն պատճառներով այսքան չէր հետաձքվի գործի քննությունը»,- ասաց Նարինեն:
Դատավոր Կարեն Միրզոյանը ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստին, որի օրը դեռեւս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել է դատարան, որը եւս մերժվել է:





























