Մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած եւ հետագայում կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գեւորգ Խաչատրյանը, այսօր առավոտյան մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով, որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն եւ «հաշիվ» կպահանջեն՝ իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հիշեցնենք, որ Յուրա Աթոյանը մի քանի այլ աջակիցների հետ միասին դանակահարությունից անմիջապես հետո գտնվել է Գյումրու բժշկական կենտրոնում դանակահարված Հրաչիկ Միրզոյանի մոտ եւ դեպքի առթիվ ցուցմունք է տվել հիվանդանոց ներկայացած ոստիկանության ներկայացուցիչներին։
Այս տեղեկությունը հայտնում ենք ի գիտություն ՀՀ Ոստիկանությանը եւ պահանջում համապատասխան քայլեր ձեռնարկել։
Յուրա Աթոյանի, Հիմնադիր խորհրդարանի որեւէ աջակցի կամ վերոհիշյալ միջադեպի ականատես որեւէ քաղաքացու նկատմամբ ցանկացած բռնության դրսեւորման դեպքում ամբողջական պատասխանատվությունը ընկնելու է ՀՀ Ոստիկանության վրա»:





























