Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների ժամանակ վիրավորված ոստիկաններից մեկն առ այսօր բուժվում է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Նա նշեց, որ բախումների գործով նախաքննությունը շարունակվում է, մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել, ձերբակալված անձ չկա։
«Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Հունան Պողոսյանը։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից առ այսօր ստույգ չեն հայտնել մեղադրյալների թիվը: Ի դեպ, մեղադրյալներից 3-ի անունն է հայտնի՝ Մնացական Ալեքսանյան, Անուշավան Հարությունյան եւ անչափահաս Սամվել Սարգսյան: Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ մեղադրյալների թիվն իրականում 19-ն է։
Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել 2015թ. հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը ոստիկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:





























