Իմ եղբորորդին թիկնապահներ չունի, դրանք սուտ տեղեկություններ են, «լոժնի տրիվոգ ա»: Այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ «Շշի Մելոն»՝ իր եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներ ունենալու պատճառով բերման ենթարկվելու մասին լուրերին: 

Հարցին, թե հնարավոր է թիկնապահները չեն եղել, այլ ընկերներ, ովքեր ուղեկցել են, պատգամավորն ասաց, որ «դա ուրիշ հասկացություն է, կարող է ընկերներ են եղել, նրանց հետ տեղ էր գնում»: Իսկ թե ինչ հարաբերություններ ունի իր եղբորորդին Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հետ, պատգամավորը չնշեց:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը եւս հերքեց Նվեր Ծառուկյանի բերման ենթարկվելու մասին լուրերը: Նա նշեց, որ դա բացարձակ անհեթեթություն է, ուրիշ ոչ մի բան: «Ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ մարդկային բոլոր չափորոշիչներից դուրս է երեխաների անունները շահարկելն ու ինչ-ինչ թեմաների մեջ ներգրավելը»,-ասաց Ծառուկյանի խոսնակը:

Չնայած երկու կողմերն էլ հերքում են տարածված լուրը, սակայն NEWS.am-ի լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է: Միջադեպը եղել է ապրիլի 14-ին, երեկոյան, կողմերը վիճաբանել են Աբովյան քաղաք չհասած հատվածում: Ասում են՝ վիճաբանության առարկան Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ նախընտրական կրքերն են եղել, հավաքվել էին 7-8 շքեղ մեքենաներով, օրինակ՝ «Շշի Մելոյի» եղբորորդին եղել է «Լամբորջինի» մեքենայով: Պաշտոնյանների որդիներին բերման են ենթարկել ոչ թե ոստիկանության Աբովյանի բաժին, այլ բերել են Երեւան:

Նշենք, որ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներին ու նրանց՝ իրենց «շեֆերի» հետ բերման ենթարկել Ոստիկանության Աբովյանի բաժին: Պատճառը թերեւս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում: Որոշակի ժամանակ պահելուց հետո, սակայն, երիտասարդները ազատ են արձակվել:

Ի պատասխան մեր պարզաբանող հարցի՝ ոստիկանությունից հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ նման դեպք չի գրանցվել»: