Արդարադատության նախարարությունը հերքում է կալանավորված՝ «100-ամյակն առանց ռեժիմի» անդամ Գեւորգ Սաֆարյանի փաստաբանի հայտարարությունը, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները բավարար չեն կալանավորների մասին:

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Ներկայացնում ենք լրագրողների կողմից բարձրաձայնված խնդրի արդյունքում տրված հանձնարարականի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մեկնաբանությունը.

«Ինչպես ես հայտարարել էի այսօր, իմ կողմից հանձնարարական էր տրվել համապատասխան ծառայությանը՝ ստուգելու երեկ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Գեւորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ: Փաստաբան Տիգրան Եգորյանի հայտարարության համաձայն՝ երեկ բանտախցում եղել են 27 հոգի եւ ընդամենը 8 մահճակալ: Ստուգման արդյունքում պարզել ենք, որ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, թեեւ հարկ է արձանագրել, որ մասնավորապես այդ բանտախցում պահման պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմատիվներին: Իրականում բանտախցում եղել են 12 մահճակալներ, թեեւ նշված խուցը նախատեսված է եղել 8 մահճակալի համար:

Ես տվել եմ համապատասխան հանձնարարական առկա հնարավորությունների սահմաններում ստեղծել կենցաղային առավելագույնս տանելի պայմաններ եւ անել հնարավորին ամեն ինչ, թույլ չտալու համար այդտեղ պահվող անձանց իրավունքների խախտում:

Միեւնույն ժամանակ ուզում եմ արձանագրել, որ այս խնդիրը չի վերաբերվում միայն Նուբարաշեն ՔԿՀ-ին, կամ միայն տվյալ բանտախցին, կամ միայն կալանավոր Գեւորգ Սաֆարյանին: Խնդիրը համակարգային է, բարդ է եւ ծախսատար, հետեւանք է մեր կողմից ժառանգած սովետական աղետալի բանտային համակարգի: Սակայն կառավարությունը տեսնում է իրավիճակի բարելավման ուղիներ եւ հնարավորություններ: Մենք ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահում այս խնդիրը: Ժամանակի ընթացքում մենք հասնելու ենք էական փոփոխությունների այս ոլորտում»»: