Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության քրեական գործից մի դրվագ առանձնացվել եւ ուղարկվել է դատարան, սպանության դրվագի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ դատական տեղեկատվական համակարգի` Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործը վերաբերվում է Հայկազ Բարսեղյանին ծաղրուծանակի ենթարկելուն:
Ըստ մեղադրանքի` Արշակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1-ին մարտկոցի 1-ին դասակի կուրսանտ, 28.01.2015թ. ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում, ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո, ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ հոդվածներով սահմանված` զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, զինծառայողներից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ կոպտություն և ծաղրուծանակ թույլ չտալու, զինվորական հարգանքի և վարքի կանոնները պահպանելու զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել է վերջինիս` այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Արշակ Մարտիրոսյանը հանձնվել է հրամանատարական հսկողությանը:
Գործը կքննվի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Դատական նիստի օրը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում, Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1 ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։ Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:
Նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը:




























