Ցանկացած քաղաքական գործընթաց, որն անվերահսկելի է իշխանությունների կողմից, ընկալվում է որպես սպառնալիք: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ցանկացած գործընթաց, որ անվերահսկելի է իշխանության կողմից, ընկալվում է սպառնալիք. ԺՀԿ

Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը տեղավորվում է   այն քաղաքական գծի մեջ, ինչն իրականացվել ու իրականացվում է վարչախմբի   կողմից, որի հանգուցալուծումը եղավ 2008 թ. մարտի 1-ը:

Տպավորություն էր ձեւավորվում, որ 2011-12թթ-ին վարչախումբը ձեռնպահ է մնում քաղաքական հայացքների համար տոտալ հետապնդումներ իրականացնելուց, բայց 2013թ   հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ ոչինչ չի փոխվել, ցանկացած քաղաքական գործընթաց, որն անվերահսկելի է իր կողմից, ընկալվում է որպես սպառնալիք, ինչին հետեւեցին անհամարժեք գործողությունները` 2013 թ. նոյեմբեր` Շանթ Հարությունյանի ու ընկերների նկատմամբ, 2015թ. հունվար` Գյումրիի դեպքերից հետո ազգային արժանապատվության համար ոտքի ելած գյումրեցի երիտասարդների նկատմամբ , 2015թ. փետրվար` ԲՀԿ կուսակցության կազմաքանդում, իսկ հիմա` ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, ձերբակալելով Հիմնադիր խորհրդարանի անդամներին, վարչախումբը ոչ միայն համալրեց քաղաքական բանտարկյալների շարքը, այլեւ խաթարեց ապրիլի 24-ի խորհուրդը:

Դիմում ենք մեր հասարակությանը, մասնավորապես` նրա քաղաքացիական հատվածին ու մտավորականությանը, վարչախմբի վերահսկողությունից դուրս քաղաքական ուժերին` ժամանակն է սթափվել եւ կանխել երկիրը հոշոտող քրեաօլիգարխիկ համակարգի պյուռոսյան հաղթարշավը»: