ՀՀ Հանրային խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Հանրային խորհուրդների միջազգային կառույցին՝ Տնտեսական ու սոցիալական խորհուրդների եւ համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային, որի կազմում ընդգրկված է 67 երկրի 70 հանրային խորհուրդ՝ այդ թվում նաեւ ՀՀ Հանրային խորհուրդը:
Հիշեցնելով, որ ապրիլի 24-ին լրանում է 1894-1923 թթ. Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված եւ իրականացված Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկման 100-րդ տարելիցը, ՀԽ-ն նշել է, որ աշխարհի մի շարք երկրներ եւ ազդեցիկ միջազգային կառույցներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը, սակայն ժամանակակից Թուրքիան չի ընդունում պատմական իրողությունը:
Նամակում նաեւ նշվել է, որ այսօր կա պատմական հնարավորություն վերագնահատելու այդ սոսկալի ողբերգությունը, որի մոռացությունը կամ ժխտումը նպաստում է նմանատիպ ոճրագործությունների կրկնմանը երկրագնդի տարբեր հատվածներում, ինչպես արդեն եղել է:
Նամակին կից ուղարկվել է նաեւ Համահայկական Հռչակագիրը՝ կոչ անելով տարբեր երկրների հանրային խորհուրդներին ծանոթանալ Հռչակագրի բովանդակությանը եւ իրազեկել դրա մասին հասարակության լայն շրջանակներին:




























