Հայաստանի քաղաքականությունը կարող է բազմավեկտոր համագործակցության լավագույն մոդել ճանաչվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելությում նշել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան:
Նա իր ելույթում մասնավորապես, նշել է.
«Այս տարվա մայիսին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը Վիլնյուսից հետո դառնալու է այն կարեւոր հարթակը, որտեղ ամփոփվելու են նախորդ գագաթաժողովում Արեւելյան գործընկերության երկրների համար սահմանված հետագա համագործակցության ուղիները եւ նրանց հետ համագործակցության տեսլականը:
Ցավոք, արեւելյան գործընկերությունը ներկայումս բարդ ժամանակներ է ապրում եւ հեշտ չեն լինելու նաեւ արդյունավետ եւ բազմակողմանի ընդունելի լուծումներ գտնելը, դրա համար լիովին հասկանալի է անդամ երկրների, Եվրամիության եւ շահագրգիռ մյուս կողմերի զգուշավոր մոտեցումները Ռիգայի գագաթաժողովի խնդիրներին: Տարբեր իրավիճակներ են ստեղծվել տարբեր պետությունների պարագայում եւ հետեւաբար նաեւ տարբերակված մոտեցումները դարձել են օբյեկտիվ անհրաժեշտություն:
Առավել հետաքրքրական է Հայաստանի մոտեցումները, որոնք այս երկու տարիների ընթացքում քաղաքական առումով գուցե ամենաքննարկվող հարցերից մեկն էր: Ես ուրախ եմ, որ մեր գործընկեր բոլոր պետություններում մենք լիակատար ընբռնում ունեցանք Հայաստանի քաղաքականությունը եվրոպական երկխոսության հարթության վրա ամբողջովին ընկալելի դարձավ: Գուցե նաեւ ապագայի համար լավագույն մոդել ճանաչվի բազմավեկտոր համագործակցության եւ կամրջող գործառույթներում:
Հանրապետության նախագահը իր բազմաթիվ հանդիպումներում եւ հրապարակային խոսքում արժեւորել է ԵՄ հետ համապարփակ երկխոսության պատրաստակամությունը` մատնանշելով դրանց գործնական դրսեւորման ուղղությունները:
Բազմիցս է նշվել, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք մեծապես հենվում ենք ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի եւ համաեվրոպական արժեքների վրա եւ որ այս գործընթացը լինելու է շարունակական:
Մենք ներկայումս թեւակոխել ենք Հայաստան-Եվրամիություն երկխոսության մի նոր փուլ, որը մեկնարկել է նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում: Ակտիվ կերպով բոլոր հնարավոր քաղաքական հարթակներում տեղի են ունենում քննարկումներ, որոնց հիմնական նպատակն է պարզել, թե ո՞ր ոլորտներում կարող են համագործակցել Հայաստանն ու Եվրամիությունը՝ չհակասելով Եվրասիական տնտեսական միության առջեւ Հայաստանի ստանձնած նոր հանձնառություններին: Սա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է իր եվրոպական համագործակցությունը արդեն որպես եվրասիական տնտեսական ինտեգրման լիիրավ անդամ: Սակայ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն չի կարող խոչընդոտ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար: Եվ դրանք հակադրություններ չի կարող դիտվել, կամ գոնե Հայաստանը զերծ է պահելու իր օրակագը հակասություններից:
Ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգում առաջնային հարցերից մեկը ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորումն է: Չնայած նրան, որ ԵՄ-Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի հիմքով ակտիվ համագործակցություն է ընթանում քաղաքական երկխոսության, առեւտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրական եւ մշակույթի ոլորտներում, այնուամենայնիվ, ԵՄ-ն եւ Հայաստանը միակարծիք են, որ կարեւոր է վերանայել ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքը:
Մենք լիահույս ենք, որ Ռիգայի գագաթաժողովը կհղի ուղերձ առ այն, որ Եվրամիությունը հետաքրքրված է ամրապնդել եւ շարունակել Արեւելյան գործընկերությունը Հայաստանի հետ նոր հիմքով ու սկզբունքներով:
Մենք նաեւ բազմիցս կարեւորել ենք այն հանգամանքը, որ ԵՄ-ն, վարելով Արեւելյան գործընկերության քաղաքականությունը, պետք է այսուհետ նաեւ հաշվի առնի յուրաքանչյուր արեւելյան գործընկեր պետության կենսական շահերը եւ առանձնահատկությունները, համագործակցության հարցում նրանց պատրաստակամությունն ու հնարավորությունները:
Համագործակցության անցած տարիների ընթացքում մենք Եվրոպական միության կառույցների հետ համագործակցության ոլորտում մեծապես առաջընթաց ենք արձանագրել Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման ոլորտում, հատուկ ուշադրության ենք արժանացրել պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, լավ կառավարմանը եւ այլն: Վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքերի համատեքստում այն կլինի շարունակական՝ որակական նոր հիմքով, ինչը եւ կարձանագրվի Ռիգայի գագաթաժողովում:
Մենք նաեւ լիահույս ենք, որ Ռիգայում կայանալիք գագաթաժողովը Արեւելյան գործընկերության անդամ երկրներին հնարավորություն կընձեռի նորովի գնահատել, նորովի անդրադառնալ Եվրամիության եւ գործընկեր պետությունների հարաբերություններին ու ձեռքբերումներին, բացթողումներին եւ դրանց պատճառների վերաբերյալ հետեւություններին, որոնք արձանագրվել են վիլնյուսյան գագաթաժողովից հետո:
Հուսանք, որ Ռիգայի գագաթաժողովը երկուստեք հնարավորություն կընձեռի հարաբերությունների վերանայման եւ կապերի սերտացման համար՝ ապագայի նոր հեռանկարի ուրվագծման մտադրությամբ:





























