Լոռու մարզում ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարից զոհված Արտյոմ Թորոսյանը Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից էր, տան ավագ որդին: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Մանուչար Մկրտչյանը:

Նա հայտնեց, որ Արտյոմն այս տարվա դեկտեմբերին պետք է զորացրվեր:

«Տան ավագ որդին էր, իրենից փոքր երկու եղբայր ունի: Ծնողներն էլ գյուղատնտեսությամբ են զբաղվում»,- ասաց գյուղապետը:

Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր: Նրան կհուղարկավորեն վաղը հարազատ գյուղում:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Այնուհետեւ 3 վիրավոր զինծառայող տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող  Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: