Ձվի շուկայում մինչ վերջերս գերիշխող դիրք զբաղեցնող էր համարվում «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան»՝ 42,2 տոկոս մասնաբաժնով։ Սակայն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փոխեց գերիշխող դիրք զբաղեցնողին։ Ըստ 2010 թ. առաջին կիսամյակի տվյալների՝ Լուսակերտի տոհմային ֆաբրիկայի մասնաբաժինն իրացման ծավալներում իջել է մինչեւ 26,06 տոկոս։
«Արաքսի» եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաների մասնաբաժիններն, ընդհակառակը, ավելացել են՝ հասնելով համապատասխանաբար 15,7 եւ 13,46 տոկոսի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 ընկերություններն ունեն միեւնույն սեփականատերը, Հանձնաժողովը նրանց համարեց որպես «անձանց խումբ» եւ գրանցեց որպես գերիշխող դիրք զբաղեցնող՝ 29,16 տոկոս ընդհանուր մասնաբաժնով։ Նշենք, որ «Արաքսը» եւ ԵԹՖ-ն մտնում են «X գրուպի» կազմի մեջ, իսկ ըստ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն այդ 2 թռչնաֆաբրիկաներում ունի 50 տոկոսից ավելի փայամասնակցություն։
Հայաստանում գործում են 6 խոշոր թռչնաֆաբրիկաներ, որոնց ընդհանուր մասնաբաժինը շուկայում գերազանցում է 95 տոկոսը։ 2010 թ. առաջին կիսամյակում արտադրվել է 145,8 մլն հատ ձու, որը 6 մլն-ով գերազանցում է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։




























