ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախատեսել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու պետության պարտականություն։

Պատգամավորի հայտարարության մեջ ասվում է. «Այսօր շրջանառության մեջ եմ դրել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով մասնավորապես նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի եւ կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը եւ զինծառայողի իրավունքը:

Գործող օրենսդրության համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության տարածքում գործող բժշկական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները չեն մատուցում եւ հետեւաբար զինծառայողին, ով վնասվածք է ստացել զինվորական ծառայության ընթացքում, անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ բուժման նպատակով, պետությունը որեւէ պոզիտիվ պարտականություն չի կրում նրա բուժման, կացության կամ ճանապարհածախսի հատուցման մասով:

Փաստորեն անձը, ով իր առողջությունը զոհաբերել է հանուն սահմանադրական պարտքի կատարման, լավագույն դեպքում ստանում է պետական պարգեւ, սակայն արտերկրում անհրաժեշտ ու արդյունավետ բուժման ծախսերը պետք է հոգա անձամբ (ինչը մեր պետության միջին եկամտով ապրող ընտանիքների համար հաճախ աստղաբաշխական թիվ է) կամ միջինում 21 տարեկանից դատապարտվի հաշմված ապրելուն: Ընդ որում, պետության կողմից նման վերաբերմունք դրսեւորելը խիստ բացասական ազդեցություն է թողնում զորակոչի վրա:

Միանշանակ, ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից քաղաքացին, ով վնասվածք է ստացել իր հայրենիքը պաշտպանելիս, արժանի է համարժեք վերաբերմունքի՝ հատկապես առողջության լիարժեք վերականգնման խնդիրը պետության կողմից հոգալու մասով:

Այսպիսով իմ ներկայացրած նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի զինծառայողի կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումն անհրաժեշտության դեպքում արտասահմանում իրականացնելու համար»: