Լոնդոնի հեղինակավոր Բրիտանական Ակադեմիայում, Արմեն Սարգսյանի հովանավորությամբ ապրիլի 15-ին կազմակերպվել էր մադու իրավունքների իրավապաշտպան, հանրաճանաչ իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Մի անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այժմ հիշում հայերին» (“An Inconvenent Genocide. Who now Remembers the Armenians”) գրքի շնորհանդեսը, որը  Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում իրականացվող կարեւոր միջոցառումներից մեկն է:

Միջոցառման կազմակերպման եւ տեղեկատվական աջակցության համար Արմեն Սարգսյանի կողմից վարձվել էր «MIDAS» հայտնի PR ընկերությունը:

Ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բրիտանահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողներ։

Արմեն Սարգսյանը ներկայացնելով գրքի հեղինակին՝ նշեց պարոն Ռոբերթսոնի երկար տարիների նվիրվածությունը Հայոց ցեղասպանության խնդրին, որի արդյունքն է միջազգային հանրության ուշադրությանը ներկայացվող այս կարեվոր գիրքը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ հեղինակը, անդրադարձավ  գրքի ստեղծման դրդապատճառներին եւ նպատակին, որը եղել է  իրավական գետնի վրա մասնագիտական գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը: Ելույթից հետո Ռոբերթսոնը պատասխանեց ներկաների հարցերին:

Գիրքը հրատարակվել է Հայ դատի բրիտանական մասնաճյուղի հովանավորությամբ ու Ատոմ եւ Սելա Թնջուկյանների նվիրատվությամբ: