Երեկ հանրապետության եկեղեցիներում նշվել է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, երբ Սբ. Պատարագից հետո կատարվել է Խաղողօրհնեք, օրհնվել է տարվա ողջ բերքն ու բարիքը:

Ինչպես բոլոր մյուս եկեղեցական տաղավար տոների ժամանակ, այս անգամ եւս տոնին հաջորդող օրը` երկուշաբթին հայտարարված է ոչ աշխատանքային օր` հանգուցյալների շիրիմներին այցելելու համար: Այսօր այդ կապակցությամբ կմատուցվի պատարագ:

Հիշեցնենք, որ եկեղեցական տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը ոչ աշխատանքային է համարվել համաձայն 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության որոշմամբ:

Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծննդյան և Մկրտության տոնը, Սուրբ Հարության տոնը, Պայծառակերպության տոնը (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոնը, Խաչվերաց տոնը: