Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներից դատելով՝ հունվար-մարտին Հայաստանի տնտեսությունը չի հաղթահարել նախորդ տարվա միտումները: Մասնավորապես, արդյունաբերությունն ամբողջությամբ չի կայունացել: Հունվարին ոլորտի արտադրանքի ֆիզիկական ծավալը կրճատվել է 7.2%-ով, փետրվարին՝ աճել 8.0%-ով, իսկ մարտին դանդաղել է մինչեւ 4.0%: Ընդհանուր առմամբ, հունվար-մարտին համեստ աճ է արձանագրվել՝ 2.0%:
Ընդհանուր ցուցանիշի համար «արգելակ» են հանդիսացել բնական մենաշնորհների ոլորտի ձեռնարկությունները: Այսպես, հունվար-փետրվարի տվյալների համաձայն, կտրուկ կրճատվել են ինչպես բնական գազի (18.7%), այնպես էլ էլեկտրաէներգիայի (17.9%) մատակարարման ծավալները: Այս ձմռան ամիսները միջին ջռրմաստիճանով գրեթե չտարբերվեցին անցյալ տարվա նույն ժամանակահատվածից, այդ պատճառով այս գործոնի ազդեցությունը կարելի է զրոյական համարել: Պարզ է, որ այս էներգակիրների ոլորտում բավական լուրջ խնդիրներ կան:
Հաշվետու եռամսյակում առեւտրաշրջանառությունը (ինչպես մանրածախ եւ մեծածախ, այնպես էլ ավտոմեքենաների վաճառքի ոլորտում) կրճատվել է 2.3%-ով: Միաժամանակ 3.9%-ով աճել է ծառայությունների ֆիզիկական ծավալը:
Այսպես, «մշակույթ, ժամանց, հանգիստ» ծառայությունների խմբում ֆիզիկական ծավալը տարեկան աճել է 2.1 անգամ, ընդհանուր առմամբ տեսակարար կշիռը հասել է երկնիշ թվի՝ 13%-ի (անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 6.2%): Միաժամանակ, կրճատվել է այնպիսի կարեւոր ծառայությունների ծավալը, ինչպիսիք են «առողջապահությունն ու բնակչության սոցիալական սպասարկումը» (6.5%-ով) եւ «տեղեկատվությունն ու կապը» (6.7%-ով):
Ժողովրդի առողջությունը մեկ տարվա ընթացքում ակնհայտորեն բարելավվել է: Այստեղից հարկ է եզրակացնել, որ աճել է հասարակության եկամուտների բեւեռացումը: Շատերը սկսել են քիչ դիմել բժիշկների օգնությանը, տնտեսում են կապի միջոցների համար նախատեսված գումարը, իսկ մյուսներն ավելի շատ են «հանգստանում եւ զվարճանում»: Այդ հանգամանքին է մատնանշում մանրածախ առեւտրաշրջանառության ծավալների կրճատումը: Հայտնի է, որ այս փաստը զգալիորեն կապված է Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի կրճատման հետ:





























