ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել եւ կալանավորվել է  Վանաձորում 2015 թվականի մարտի 15-ին-ին երկու հոգու կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող անձը։

ՀՀ Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության բաժանմունքից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության են դիմել Ս.Մելիքյանը՝ աջ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով, եւ Ա.Մկրտչյանը՝ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նշված անձանց մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները։ Քննության տվյալներով՝  մարտի 15-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ Մ.Սարոյանը խուլիգանական դրդումներով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով  անհիմն վիճաբանել եւ հարձակվել է Փ.Մելիքյանի վրա, որի ընթացքում իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է հարձակումը հետ մղող Ա.Մկրտչյանի գոտկային շրջանին եւ Ս.Մելիքյանի կրծքավանդակի թիկունքային աջ շրջանին։ Հարվածների հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, մասնավորապես՝ ծակած-կտրած թափանցող վերք` աջակողմյան պնեւմոթորաքսով եւ ենթամաշկային էմֆիզեմայով, իսկ Ա.Մկրտչյանի առողջությանը` թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

2015 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել Մ.Սարոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում  ապրիլի 16-ին Մ.Սարոյանը հայտնաբերվել է։  Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Մ.Սարոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: