ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու եւ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 21-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Երեւանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառված բռնության մասին։

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ  գիշերային ակումբի այցելուներից մեկը ժամը 3-ի սահմաններում աղմկել է, հայհոյել, ձեռքին եղած շշով օղին լցրել պարուհիներից մեկի վրա, խանգարել ներկաների հանգիստն ու խաթարել ակումբի բնականոն գործունեությունը, ապա  բռունցքով հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է: