Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը գլխավորել է ներդրողների ցանկը, որոնք 30 մլն դոլար են ներդրել իսրայելական մշակողների ստեղծած բջջային հեռախոսների համար նախատեսված Music Messenger երաժշտական հավելվածի նախագծում: Այդ գումարի կեսը տրամադրել է Աբրամովիչը:
Մասնավոր այլ ներդրողներից են շվեդական ABBA խմբի անդամ Բեննի Անդերսոնը, երգիչներ Դեւիդ Գետտան, Will.i.am-ը եւ Avicii-ն, ինչպես նաեւ երգչուհի Նիկի Մինաժի մենեջեր Ջի Ռոբերսոնը:
Ըստ Reuters-ի, ընդհանուր առմամբ, հավելվածը մշակողները 35 մլն դոլար են հավաքել դրա հետագա զարգացման համար, իսկ ընկերությունն արժե ավելի քան 100 մլն դոլար:
Աբրամովիչի համար Music Messenger-ում ներդրումն առաջինն է իսրայելական տեխնոլոգիական սթարթափում: Մարտի վերջին հայտնի դարձավ, որ նրա կողմից վերահսկվող Millhouse Capital հիմնադրամը 2 մլն դոլար է ներդրել iAngels նախագծում:




























