ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Զաքարյան եղբայրներին դանակահարելու դեպքի հանգամանքները. առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։

2015 թվականի ապրիլի 17-ին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Զաքարյան եղբայրները, որոնցից մեկը՝ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ,  իսկ մյուսը՝ կրծքավանդակի, իրանի, վերին վերջույթների կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 18-ին  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ  եղբայրներին մարմնական վնասվածքները պատճառվել են 2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայի հայելին կոտրելու  պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ։

Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի  ձախ կողային հայելուն է դիպչել «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով այն կոտրվել է, ու շարունակել իր ընթացքը։ «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդի եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Զաքարյանի եղբայրների, միջեւ  առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել, ինչի հետեւանքով եղբայրներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Քննությամբ պարզվել է «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով ապրիլի 20-ին ինքնակամ ներկայացել է՝  ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացած ծալովի դանակը։

Կասկածյալը ձերբակալվել է, նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: