Հայաստանը հույս ներշնչող պետություն է. ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել, եւ ամբողջ աշխարհը տեսնում է դա։ Այդ մասին Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում ասել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
«Տխուր եմ, երբ մտածում եմ բոլոր այն մարդկանց մասին, որոնք կյանքը կորցրեցին ողբերգության ընթացքում։ Մտածում եմ, թե ինչի է ունակ մարդ արարածը: Հպարտ եմ նաեւ, որ այն կազմակերպության ներկայացուցիչն եմ, որը ստեղծվեց երկու աշխարհամարտերից։ Մարդիկ հասկացան, որ աշխարհը պետք է հեռացնեն ազգայնականությունից, բերեն միջազգայնականություն»,- նշել է Յագլանդը։
Նա նշեց, որ Ֆրիտյոֆ Նանսենի երկրից է՝ Նորվեգիայից, եւ այդ կապակցությամբ է հատկապես հուզված։ «Տարիներ առաջ Պաղեստինում մասնակցեցի Յասեր Արաֆաթի ընթրիքին։ Ինձ մեծ բախտ վիճակվեց Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի կողքին նստել։ Նա նանսենյան անձնագրի բնօրինակ հանեց գրպանից։ 100 տարի առաջ բազմաթիվ հայեր զրկվեցին իրենց ներուժն իրացնելու հնարավորությունից, հարյուր հազարավորներ մատնվեցին աղքատության։ Դա ամբողջ աշխարհի կորուստն էր։ Նոր նման ողբերգությունները կանխարգելելու համար պետք է ապրումակցենք նրանց, որոնք տառապել են։ Ֆրիտյոֆ Նանսենը պարզապես գործում էր, փրկում էր հազարավոր մարդկանց։ Դա լավագույն պատգամն է արդի աշխարհում։ Եթե տեսնում ենք մարդկանց տառապանքը, պարզապես պետք է գործենք»,- նշել է Յագլանդը։
Նրա խոսքով, հիմա 2015 թվականն է, բոլոր պետություններն ունեն պարտավորություն՝ կանխելու մարդու իրավունքների խախտումները, պարտավոր են կատարել ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները։ «Առաջին հերթին պետություններն են պարտավոր կանխել էթնիկ զտումները։ Պետք է պարզապես օգնություն ցուցաբերել մարդկանց»,- ասաց նա՝ բերելով Սիրիայի օրինակը, որտեղ մարդասիրական աղետ է տեղի ունենում, որը չպետք է հնարավոր լիներ 21-րդ դարում. «Մեր աչքի առաջ կրկնվում են ցեղասպանությունները»։
«Ուզում եմ մեկ պարզ ուղերձ ասել՝ բոլորս ունենք պաշտպանելու պարտավորություն։ Հայտնվելով խնդիրների կիզակետում՝ Հայաստանը մեզ օգնում է, օգնում է հասկանալ մեր դերը։ Հատկապես կարեւոր է, թե որքան է Հայաստանն ընդգծում այլատյացության դեմ պայքարը։ Հայ ժողովուրդն ուզում է նույնը, ինչ բոլոր մարդիկ։ Ուզում են աշխատելու հնարավորություն ունենալ, երեխաներին լավ ապագա տալու, ճանապարհորդելու հնարավորություն»,- ասաց Յագլանդը։ Նա նաեւ հարգանքի տուրք մատուցեց բոլոր այն կազմակերպություններին, որոնց նպատակը հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցումն է. «Ես կողմերին կոչ եմ անում բաց չթողնել երկխոսության հնարավորությունները»։
Նշենք, որ Երեւանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը եւ պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Ֆորումին մասնակցում է մոտ 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։





























