Օսմանյան Կայսրությունում իթթիհաթիզմի նպատակը ոչ միայն էթնիկ խմբերի ոչնչացումն էր, այլեւ օսմանյան հասարակության վերափոխումը այդ խմբերի բացակայության պայմաններում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումում հայտարարել է Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերշտեյնը:

Նրա խոսքով՝ հասարակության տրանսֆորմացիան եղել է Օսմանյան Կայսրությունում իթթիհաթականների նպատակը, Գերմանիայի նացիստների նպատակը, երբ ահաբեկչությունն օգտագործվում էր որպես այդ նպատակին հասնելու գործիք:

Դանիել Ֆեյերշտեյնի խոսքով եթե վերլուծենք Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրության հայ համայնքի տեսանկյունից, ապա ասորիները, հույները եւ այլ ժողովուրդներն ավելի քիչ են տուժել: «Մենք պետք է մարտահրավեր նետենք մեր մտածողությանը՝ Հայոց ցեղասպանության վերաիմաստավորման առումով»,-հավելել է նա:

Նշենք, որ Երեւանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը եւ պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ֆորումին մասնակցում է մոտ 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։