Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Մեծ Բրիտանիայից մեծ թվով պատգամավորներ չեն գալիս Հայաստան՝ մայիսի 5-ին Մեծ Բրիտանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից առաջ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անգլիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Սեւան Արթինը:
«Մեծ Բրիտանիայում նախընտրական քարոզարշավ է սկսվել, այդ պատճառով պատգամավորները չեն կարողանում գալ Հայաստան: Ապրիլի 24-ին Երեւանում կլինի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Վիթինգդեյլը»,- ասաց Սեւան Արթինը:
Նշենք, որ ապրիլի 24-ին անցկացվող Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Մեծ Բրիտանիայից Թուրքիա են մեկնելու Ուելսի արքայազներ Չարլզն ու Հարին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հաղորդել էր, որ Ապրիլի 24-ին բացի միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ջոն Վիթինգդեյլից, Հայաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ներկա կլինի նաեւ երկու եպիսկոպոս։




























