«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ այսօր՝ ապրիլի 22-ին բռնություն է գործադրվել լրագրողների նկատմամբ: «A1plus.am»-ի փոխանցմամբ, հյուրանոցին պատկանող սրճարանում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Այստեղ նկարահանումներ անող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը եւ «Ա1+»-ի թղթակից Ռոբերտ Անանյանը, նրանց նկատելով, սրճարանի մերձակա տարածքից նկարել են նաեւ նրանց։
Քիչ անց լրագրողներին են մոտեցել հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, լրագրողներին ասել, որ դա անձնական տարածք է եւ չի կարելի նկարահանել այնտեղ գտնվող անձանց։
Լրագրողներն ի պատասխան ասել են, որ այդ անձինք հանրային դեմքեր են, եւ օրենքով թույլատրված է հանրային տարածքում գտնվող անձանց նկարահանել։ Օրենքին որեւէ կերպ հղում չկատարելով՝ անվտանգության երկու աշխատակիցները, որոնց անձնական տվյալները չհաջողվեց ճշտել, կոպիտ մեթոդներով խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, նրանցից մեկը երկու անգամ հարվածել է Սիսակ Գաբրիելյանին, հայհոյել նրան, մյուս անվտանգության աշխատողը հարվածել է Ռոբերտ Անանյանի ձեռքին եւ տեսախցիկին՝ պահանջելով չնկարահանել Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակված անվտանգության աշխատակիցների գործողությունները։
Լրագրողները տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին խնդրել են կարգի հրավիրել անվտանգության աշխատակիցներին։ Իրավապահները, սակայն, փորձ չեն արել սաստելու եւ կանխելու անվտանգության աշխատակիցների գործողությունները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում




























